Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ղարաբաղյան փակուղի

Ղարաբաղյան փակուղի
21.07.2009 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Ինչպես և սպասելի էր, հուլիսի 17-18-ին Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը` Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ավարտվեց անարդյունք։
Չարդարացան սպասումներն ու կանխատեսումները, թե կողմերի միջև կրկին կստորագրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ, որը կհանդիսանար թեկուզ միջանկյալ ինչ-որ հանգրվան` վերջնական կարգավորման ճանապարհին։ Ռուսական լրատվամիջոցները հանդիպումը մեկնաբանեցին խիստ զուսպ, բավարարվելով այն արձանագրումով, թե Մոսկվան գոհ է, որ կողմերի միջև կա ակտիվ երկխոսություն, ինչը հույս է ներշնչում հասնելու հիմնախնդրի լուծմանը։ Սակայն մեկնաբանության ոճը, ինքնին, կարծես ճիշտ հակառակն էր ապացուցում։
Սկզբունքորեն Կրեմլն ամենևին էլ նպատակ չուներ հակամարտության կարգավորման գործընթացը խթանելու։ Սարգսյան-Ալիև հանդիպումը Մոսկվայում` ԱՊՀ մյուս պետությունների ղեկավարների հերթական հավաքի խորապատկերի վրա, նպատակ ուներ միայն լրացուցիչ կարևորություն հաղորդել Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացած այդ միջոցառմանը։ Ավելին, ռուսական կողմը, խախտելով արարողակարգային բոլոր նորմերը, ԱՊՀ պետությունների` այսինքն ճանաչված միջազգային սուբյեկտ-պետությունների նախագահների կողքին բերել-նստեցրել էր Աբխազիայի ու Հարավային Օսիայի ղեկավարներին, որոնք, իբր, եկել էին ձիարշավ դիտելու։ Սա ևս մի հաստատում էր, որ Մոսկվայի քաղաքականությունը, Սուխումի և Ցխինվալի անկախության ճանաչումն ԱՊՀ երկրներին պարտադրելու ուղղությամբ շարունակվում է` անկախ վերջիններիս բուռն դիմադրությունից։ Ավելին, «պատմական ձիարշավից» գրեթե անմիջապես հետո Հարավային Օսիա այցելելով, Ռուսաստանի նախագահը ցույց տվեց, որ մտադիր է այս առումով շարունակել հակադրության զարգացումը Վրաստանի հետ, և այդ քաղաքականությունն անմիջականորեն շաղկապված է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը կամ, ավելի շուտ, չկարգավորմանը։
Տարածաշրջանի վերջին իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ ռուսական քաղաքականությունը` ղարաբաղյան բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, կրկին փոխվում է։ Ամենից առաջ այն պատճառով, որ ԱՄՆ-ի նախագահի` Ռուսաստան կատարած այցի ընթացքում, չնայած ռազմավարական նշանակության միջուկային սպառազինությունների վերաբերյալ ձեռք բերված որոշ, սակայն ոչ վերջնական պայմանավորվածություններին, հետխորհրդային տարածքի վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև որևէ համաձայնություն այդպես էլ չկայացավ։ ԱՄՆ-ը շարունակում է անտեսել առաջնային ազդեցության գոտիների վերաբերյալ Մոսկվայի հայտնի թեզը և բացարձակապես չի ընդունում, թե Կրեմլը հետխորհրդային տարածքում կարող է ունենալ ինչ-որ գերակա դիրքեր։ Այս դիրքորոշումը վերաբերում է անխտիր բոլոր հետխորհրդային պետություններին, ու թեպետ ռուս-ամերիկյան անհամաձայնությունների հիմնական առանցքը կարծես ՈՒկրաինան և Վրաստանն են, իրականում այդ անհամաձայնությունները վերաբերում են նաև Մոլդովային, Հայաստանին, Ադրբեջանին, կենտրոնասիական երկրներին։
Դրա ապացույցներից մեկն էլ ԱՄՆ-ի և Եվրամիության հովանավորությամբ «Նաբուկո» գազամուղային խոշոր նախագծի իրականացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն էր, որ Եվրամիության 5 երկրներն ու Թուրքիան իրականացրին վերջերս, Անկարայում։ Այս հանգամանքն իր մեջ պարունակում է նաև Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի վերջին մեկ տարվա քաղաքականության գործնական տապալումը։ Հիշեցնենք, որ ռուս-վրացական պատերազմից հետո Անկարան աննախադեպ ակտիվություն սկսեց դրսևորել տարածաշրջանում, և Թուրքիայի վարչապետը, Մոսկվա այցելելով, առաջ քաշեց, այսպես կոչված, կովկասյան անվտանգության պլատֆորմի գաղափարը։ Այն այդպես էլ որևէ ձևակերպում չստացավ, բայց դրա շնորհիվ թուրքերը կարողացան Մոսկվայում ստեղծել այնպիսի տպավորություն, թե հնարավոր է ռուս-թուրքական համագործակցություն և նույնիսկ դաշինք ձևավորել` տարածաշրջանում արևմտյան և հատկապես ամերիկյան ազդեցության ամրապնդումը թույլ չտալու ուղղությամբ։
Որքան էլ զարմանալի էր, բայց Կրեմլում այդ խայծը կուլ տվողներ գտնվեցին, և գաղտնիք չէ, որ հենց Ռուսաստանի անմիջական դրդմամբ մեկ տարի առաջ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների «բարելավման» գործընթացը։ Այլ կերպ ասած, Անկարան, միայն հիպոթետիկ գաղափար առաջ քաշելով, դրանից քաղեց շատ կոնկրետ ու գործնական քաղաքական օգուտներ, վախեցրեց Վաշինգտոնին իր քաղաքականության հնարավոր կտրուկ շրջադարձով, հասավ նրան, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ԱՄՆ-ում այդպես էլ չհասավ ցանկալի հանգրվանի, միաժամանակ մեծացրեց իր դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պրոցեսում և այժմ «ռուս գործընկերներին» ցույց տվեց երեք մատի կոմբինացիա։
«Նաբուկոյի» շուրջ համաձայնագիրը ստորագրելով` Թուրքիան ոչ միայն վերահաստատեց ԱՄՆ-ի և Եվրամիության հետ իր հարաբերությունների առաջնահերթությունը և Ռուսաստանին մեկուսացնելու ծրագրերում մասնակից դառնալու իր պատրաստակամությունը։ Անկարան մտադիր է հասնել շատ ավելիին, համարելով, որ «Նաբուկո» ծրագրի իրագործումը հնարավորություն կտա իրեն Ռուսաստանի ձեռքից խլել Եվրամիության նկատմամբ «գազային ճնշման» լծակը։ Պատահական չէ, որ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանն արդեն մի քանի ոգևորված հայտարարություն է արել այն մասին, որ այս նախագիծն այնպիսի կարևոր մի ծրագիր է, որի շնորհիվ Թուրքիայի առջև կբացվեն Եվրամիությանն անդամակցելու համառորեն փակ դռները։ Եթե նկատի ունենանք, որ «Նաբուկոն» կառուցվելու է Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա-Ռումինիա-Հունգարիա-Ավստրիա գծով, ապա ակնհայտ է, որ Թուրքիան դառնում է կապող հիմնական օղակ Եվրամիության երկրների ու Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետխորհրդային պետությունների միջև։ Այսինքն, այն երկրների, որոնք Մոսկվան դիտում է իբրև իր «առաջնային ազդեցության» գոտի։ Գազամուղը, շրջանցելով Ռուսաստանը, էապես նվազեցնելու է Եվրամիության կախվածությունը Մոսկվայից` մեծացնելով այդ կախվածությունն Անկարայից։ Ընդ որում, պայմանագրի ստորագրումով խոսակցությունների փուլը մնաց հետևում, այսինքն` «Նաբուկոն» այլևս աշխարհաքաղաքական իրողություն է դառնում։
Ռուսաստանում բավական ուշացումով արձագանքեցին այս հանգամանքին։ Թերևս Կրեմլում հույս էին փայփայում, թե վերջին պահին ստորագրումը կտապալվի, ռուսական որոշ փորձագետների պնդմամբ` նաև ջանքեր էին գործադրում այդ ուղղությամբ։ Ջանքերն իզուր դուրս եկան։ Այժմ Մոսկվային մնում է այնպիսի իրավիճակ ստեղծել «Նաբուկոյի» «մարշրուտի» վրա, որ կառուցումն ուղղակի անհնարին դառնա։ Դրա համար Կրեմլը կարող է ճնշում գործադրել, առաջին հերթին, մատակարար համարվող Թուրքմենստանի նկատմամբ։ Սակայն Աշգաբադը ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր աստիճանաբար այնքան է դուրս եկել Ռուսաստանի ազդեցության ուղեծրից, որ այդպիսի ճնշումը հազիվ թե արդյունք տա, մանավանդ որ Ղազախստանն էլ իրականում հույս ունի Թուրքմենստանի միջոցով միանալ այդ ծրագրին։ Հավելենք, որ Իրանի հակազդեցության վրա Մոսկվան չի կարող հույս դնել, քանզի Թեհրանն արդեն ակնարկել է իր կողմից «Նաբուկոյին» միանալու մեծ հավանականության մասին։ Հետևաբար, աշխարհաքաղաքական այս շղթայի մեջ որպես թույլ օղակ մնում են Ադրբեջանն ու Վրաստանը։ Երկուսի նկատմամբ էլ ներգործության ռեսուրսներ Կրեմլն ունի, դա կարող է լինել ինչպես նոր ռազմական գործողությունների հրահրումը Վրաստանի նկատմամբ, այնպես էլ համարժեք քայլերի ձեռնարկումն Ադրբեջանի դեմ` հատկապես լեզգիական հիմնախնդիրն ակտիվացնելու միջոցով։ Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը ոչ մեկի կողմից չճանաչված Հարավային Օսիա, ինչպես նաև ադրբեջանական գազը եվրոպական գներով ձեռք բերելու չհաջողված փորձերը, անշուշտ, պատահականություն չէր: Որովհետև Բաքուն համաձայնեց Ռուսաստանին վաճառել միայն 500 մլն խմ, մնացածը, բնականաբար, պահելով «Նաբուկոյի» համար։ Ըստ այդմ, չի բացառվում, որ ռուս-ադրբեջանական ջերմ բարեկամությունն առաջիկա ժամանակներում վերափոխվի բոլորովին ուրիշ բանի։
Քաղաքական իրողությունների այսպիսի նոր դասավորության պայմաններում ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորումն այլևս կամ կրկին չի բխում Ռուսաստանի շահերից, և այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, Կրեմլը կձգտի վերածել ուղղակի օրինաչափության։ Մոսկվայի շահագրգռվածությունն այս հարցում կմեծանա միայն այն դեպքում, եթե կարգավորման գործընթացը ենթադրի, որ վերջնահաշվում հակամարտության գոտում անպայման տեղակայվելու են խաղաղապահ ուժեր, և այդ զորախումբն անպայման կլինի ռուսական։ Սակայն հենց դա է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը թույլ տալ չեն կարող։ Որովհետև ի՞նչ իմաստ ունի գրեթե 10 մլրդ դոլար ծախսել «Նաբուկո» գազամուղի կառուցման համար, եթե այն գործնականում հայտնվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում տեղակայված ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Այդ նախագիծն իրականացվում է Արևմուտքի կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու նպատակով, ոչ թե կրկնակի մեծացնելով։ Ըստ այդմ, առաջիկայում Կրեմլն ամեն կերպ կաշխատի ձեռքից բաց չթողնել ղարաբաղյան լծակը, այս անգամ արդեն ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին ճնշելու համար։ Թեպետ «Նաբուկոյի» կառուցման հավանականությունն արդեն այնքան մեծ է, որ տարածաշրջանում անխուսափելիորեն պետք է առաջ բերի նոր, հետաքրքիր, նրա առանձին երկրների համար խիստ վտանգավոր զարգացումներ։ Գերտերությունների հակադրությունը Հարավային Կովկասում ոչ թե նվազման, այլ աճի միտումներ է սկսում արձանագրել։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ